Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղությունները բազմաթիվ են. մեր երկրում իրականացվող տնտեսական քաղաքականությունից մինչեւ ներդրումներ ու հակամենաշնորհ:
Հանձնաժողովը 7-րդ գումարման խորհրդարանի գործունեության ընթացքում աշխատել է գերծանրաբեռնված:
Անցկացվել է հերթական եւ արտահերթ 61 նիստ: Ամբողջությամբ ընդունվել է 240 օրենքի նախագիծ: Դրանցից 200-ի հեղինակը Կառավարությունն է, 40-ինը՝ պատգամավորները: 17 նախագիծ էլ մերժվել է: Անցկացվել է 1 խորհրդարանական լսում:
Քննարկվել են Տնտեսական մրցակցության պաշտպանության եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների տարեկան հաշվետվությունները: Հանձնաժողովին կից ստեղծվել են Ներդրումների խթանման եւ Զբոսաշրջության հարցերով աշխատանքային խմբեր:
Հանձնաժողովը տնտեսվարողների գործունեությանն առնչվող նախաձեռնությունները մինչ դրանց ընդունումը մանրամասն քննարկել է շահառուների հետ. շուրջ 45 աշխատանքային քննարկում է կազմակերպվել:
Ընդունվել են տնտեսվարողների շահերի պաշտպանությանն ուղղված նախագծեր:
7-րդ գումարման խորհրդարանի գործունեության ընթացքում հանձնաժողովը քաղաքացիներից ստացել է 150 դիմում-բողոք, որից պատասխանել է 143-ին, իսկ 7-ն ուսումնասիրվել եւ ուղարկվել է իրավասու մարմիններին: Կազմակերպվել է շուրջ 700 քաղաքացու ընդունելություն: